Գլխավոր Ավելին

Անեսթեզիոլոգի աշխատանքը ենթադրում է ձանձրույթի ժամեր եւ վայրկյանների սարսափ. hարցազրույց

11:00, 16 Հոկտեմբեր 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 16-ն Անեսթեզիայի համաշխարհային օրն է: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1846 թվականի ճիշտ այս օրը ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ վիրահատություն իրականացրեց եթերային անզգայացմամբ:

Առաջին հաջող անզգայացումից հետո՝ 176 տարվա ընթացքում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի նեղ մասնագիտացումը կայացավ և բեկում մտցրեց բժշկության մեջ, վիրաբուժական միջամտությունները դարձան ավելի անցավ և անվտանգ:

Այժմ արդեն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ (վերակենդանացնող բժիշկ) մասնագիտությունը մեկ մասնագիտություն է։ Անեսթեզիան կամ նարկոզը «կենդանավերացումն» է, որից հետո պետք է կատարել վերակենդանացում: Քանի որ նարկոզի ընթացքում հիվանդին զրկում են բոլոր կենսական կարևոր ֆունկցիաներից՝ գիտակցություն, շնչառություն, ռեֆլեքսներ, որից հետո պետք է կատարել դրանց վերականգնում, հետևաբար՝ նաև վերակենդանացում:
Օրվա խորհրդով անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագիտության մասին այսօր կզրուցենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժշկական տնօրեն, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արա Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ, առողջ եղեք, որ շարունակեք ապահովել պացիենտների կյանքն առանց ցավի:

-Շնորհակալ եմ, առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ նրանց քաջառողջություն և անփորձանք աշխատանք:

-Դուք մոտ քառորդ դար է՝ աշխատում եք որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, Ձեր հայրը՝ Արիստ Ղազարյանը, մոտ կես դար է՝ հեշտացնում է վիրահատությանը ընթացքը և ապաքինումը, ապահովում հիվանդների անվտանգ անզգայացումը: Մասնագիտությունը գեներո՞վ է փոխանցվել, ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցիք անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտությունը: Հայր և որդի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների գործը շարունակող կա՞ գերդաստանում:

-Դեռևս 1987թ.՝ դպրոցական հասակում, բժշկական համալսարան ընդունվելուն զուգահեռ սկսել եմ աշխատել սանիտար վերակենդանացման բաժանմունքում, այդ ժամանակից կարծես որոշվեց իմ մասնագիտական ճակատագիրը, երբեք մտքովս չէր անցել այլ մասնագիտություն: Նաև մեծ դեր է խաղացել այն հարգանքը, որ վայելում է հայրս թե՛ աշխատավայրում, թե՛ ընկերների և բարեկամների շրջապատում: Որոշումս անբեկանելի էր: Մասնագիտությունը, այո, գեներով էլ է փոխանցվել իմ դեպքում, մայրս էլ է բժիշկ, բայց մեր ընտանիքի մյուս անդամները ընտրեցին այլ մասնագիտություն: Հույս ունեմ, որ ամեն դեպքում ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ կամ բժշկի մասնագիտությունը մեր գերդաստանում շարունակող կլինի:

 -Ձեր առաջին անեսթեզիան հիշո՞ւմ եք, ի՞նչ է փոխվել այդ օրվանից մինչև այսօր, այդ թվում՝ զգացողությունների պատասխանատվության մասով: Հայտնի անեկդոտի մոտիվներով՝ եթե հաշվի առնենք, որ նարկոզի յուրաքանչյուր ժամը ավելացնում է անեսթեզիոլոգի կյանքը նույնչափ, Ձեր կյանքը ինչքա՞ն է երկարել, Դուք քանի՞ ժամ եք «նարկոզ տվել»:

-1992 թվականից՝ 4-րդ կուրսից աշխատել եմ անեսթեզիստ-բուժակ, հերթապահել և մասնակցել եմ մեծ քանակի անզգայացման, իսկ 1998թ., երբ ավարտեցի կլինիկական օրդինատուրան, սկսեցի արդեն ինքնուրույն աշխատել: Առաջին անզգայացումը որպես այդպիսին չեմ հիշում, բայց ամենատպավորիչը եղել է առաջին անզգայացումը ծննդատանը՝ կեսարյան հատման ժամանակ, որի դեպքում անզգայացումը յուրօրինակ էմոցիաներ է պարգևում: Ցավազրկում ես կնոջը` ծննդկանին, որ ինքը նոր կյանք աշխարհ բերի:

Ինչքան փորձը և գիտելիքները ավելանում են, ավելանում է նաև պատասխանատվության զգացումը՝ իմանալով բոլոր հնարավոր ռիսկերը: Ժամեր չեմ հաշվել, բայց ակտիվ անեսթեզիայով զբաղվելու 15 տարիներին՝ 1998-2013թթ. տարեկան մոտ 400 անզգայացում եմ իրականացրել, դա մոտավորապես կազմում է 6000 անզգայացում, եթե ժամերով հաշվենք՝ միջինը 2-ական ժամ, կստացվի 12 000:

Պրոֆեսիոնալ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ դառնալու ճանապարհը բավականին երկար է, այն սկսվում է բժշկական բուհն ավարտելուց, որտեղ յուրացնում են հիմնական և նեղ մասնագիտական առարկաները, հետո գալիս է մյուս կարևոր շրջանը՝ հետդիպլոմային կրթությունը, պրակտիկան, այնուհետև վերապատրաստումները, փորձառությունը: Ըստ Ձեզ՝ ո՞վ է լավ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը և ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ այս մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ դառնալու համար:

-Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ դառնալու համար պետք է լինել լավագույն ուսանող, օժտված լինել բազային փայլուն գիտելիքներով, գերազանց ավարտել կլինիկական օրդինատուրան, մայրենի լեզվի նման տիրապետել օտար լեզուներին, քանի որ ընդունված չափորոշիչները, գրականությունը օտար լեզվով է, իսկ առանց դրանց իմացության, ուսումնասիրության չես կարող լինել լավ մասնագետ: Այս մասնագիտությունը, ինչպես բժշկական մյուս մասնագիտությունները, պահանջում են շարունակական լուրջ կրթություն նորարարություններին տեղյակ լինելու համար: Կարծում եմ, որ պետք է շատ խիստ լինել վատ սովորող ուսանողների հանդեպ, թույլ չտալ, որ նրանք ավարտեն և մոտենան հիվանդներին: Հայրս մի լավ խոսք ունի՝ մարդը միշտ պետք է վստահ լինի, որ եթե իրեն կեսգիշերին բերեն հիվանդանոց որպես շտապ դեպք, հանդիպած մասնագետները պրոֆեսիոնալ կլինեն:

-Անզգայացումը սկսվեց եթերից, այն զարգացավ՝ ընդլայնելով կիրառվող դեղամիջոցների, տեխնոլոգիաների ու մեթոդների շրջանակը: Այս առումով հաջողվո՞ւմ է հասնել նորարարությունների հետևից, թե՞ կարևորը բազային կրթությունն է:

-Անզգայացում անցկացնելու համար, իհարկե, բազային կրթությունը առաջնահերթ է, որովհետև ընդհանուր անզգայացման հիմնական փուլերը, որոնք դեռ մեկ դար առաջ նկարագրել են, չեն փոխվել, փոխվել են դեղամիջոցները, ավելացել են անվտանգության չափորոշիչները: Առաջին անզգայացումից հետո, որը կատարվել է 1846թ հոկտեմբերի 16-ին, մոտ մեկ դար առանձնապես զարգացումներ չեն եղել, թռիչքային զարգացում է արձանագրվել  20-րդ դարի երկրորդ կեսին:

Ես հպարտ եմ, որ իմ կոլեգաները բավականին գրագետ են, որը ապացուցվեց  պատերազմի և կորոնավիրուսի ժամանակ, իրենց բարձր գիտելիքներով և պրոֆեսիոնալիզմով նրանք չեն զիջում օտարերկրյա մասնագետներին, ավելին՝ պատահական չէ, որ մի շարք եվրոպական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԵՊԲՀ-ն ավարտած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները  առաջատար են:

Մի հայտնի արտահայտություն կա, որը լավագույնս է բնութագրում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումը, այն է՝ անեսթեզիոլոգի աշխատանքը ենթադրում է ձանձրույթի ժամեր եւ վայրկյանների սարսափ: Անեսթեզիան հաճախ համեմատում են ինքնաթիռի թռիչքի հետ, անզգայացման սկիզբը թռիչքն է, անեսթեզիայի պահպանումը ինքնաթիռի ընթացքն է, իսկ վայրէջքը՝ անեսթեզիայից արթնացումն է: Ընթացքը սովորաբար լինում է կայուն, ինչ-որ առումով երկար եւ ձանձրալի՝ անեսթեզիոլոգի համար, իսկ թռիչքը և վայրէջքը ամենառիսկայինն ու պատասխանատուն են,  քանի որ դու այդ ժամանակ մարդուն ֆիզիոլոգիական մի վիճակից բերում ես այլ վիճակ, զրկում ես բոլոր կենսական կարևոր ֆունկցիաներից՝ գիտակցություն, շնչառություն, ռեֆլեքսներ, որից հետո պետք է կատարես դրանց վերականգնում:

-Թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է. դիմակ, ներարկում, անեսթեզիա, ապա վերականգնում: Բացի անզգայացման տեսակների, համապատասխան դեղերի ընտրությունից, առողջական վիճակի առանձնահատկություններից, ի՞նչը պետք է հաշվի առնել անվտանգ անզգայացման համար:

-Նոր դեղերի  և տեխնոլոգիաների շնորհիվ մահացությունը բուն անզգայացումից վերջին 50 տարվա ընթացքում նվազել է հազարապատիկ, դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. այսօր ավելի շատ են հիվանդին հետազոտելու եւ անվտանգ անզգայացում իրականացնելու համար պատրաստելու հնարավորությունները: Ինչպես ասացի՝ կան ընդունված չափորոշիչներ, որոնց հիմքով պատրաստում և անցկացնում ես անզգայացումը: Պահպանելով այդ բոլոր դրույթները՝ նվազեցվում են ռիսկերը: Սակայն, կարող են լինել դեպքեր, ֆորս-մաժորային իրավիճակներ, որտեղ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը պետք է որոշում կայացնելու խիզախություն ունենա՝ հիմնված գիտելիքի, փորձի վրա, քանի որ գործելակարգերը սահմանում են, բայց չեն երաշխավորում, իսկ կան դեպքեր, երբ անգամ սահմանումներ չկան:

-Ցանկացած բժիշկ կարող է մարդուն ուղարկել Մորփեոսի թագավորություն, որպեսզի նա այնտեղ ցավ չզգա, բայց միայն անեսթեզիոլոգը կարող է նշանակված ժամին նրան վերադարձնել այս աշխարհ։ Սա ավելի պատասխանատու և ռիսկային չի՞ դարձնում Ձեր աշխատանքը. ստացվում է, որ միջամտում եք Աստծո գործերին, և ամեն անգամ հիվանդին քնեցնելիս, թե արթնացնելիս ի՞նչ է զգում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը:

-Աստծո գործերին չենք խառնվում, իսկ Մորփեոսի թագավորություն ուղարկելիս մեր նպատակը հիվանդին ցավերից ազատելն է և հետո ողջ-առողջ նրան այս աշխարհ վերադարձնելը: Բժշկական աշխարհում տարածված խոսք կա, որ վիրաբույժները և ստոմատոլոգները հիմնադրել մեր մասնագիտությունը։ Քավ լիցի, ես չեմ առարկում այս ասույթի դեմ, բայց եկեք ընդունենք նաև, որ հենց անեսթեզիայի զարգացման շնորհիվ է, որ այսօր վիրաբույժները և ստոմատոլոգիայի ոլորտի մասնագետները կարող են, կույրաղիք և ատամ հեռացնելուց բացի, բարդ, ծանր վիրահատություններ կատարել:

-Ինչպես ամենուր, այս աշխատանքում ևս սխալները անխուսափելի են: Իհարկե, այդ սխալը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Ի՞նչ անել սխալվելու ռիսկերը նվազեցնելու, սխալները շտկելու, հետագա սխալվելու հետևանքները վերացնելու և մասնագիտական աշխատանքը շարունակելու համար:

-Իհարկե, այս դեպքում սխալները կարող են կյանք արժենալ, չիմացության հետևանքով սխալների հանդեպ ես շատ խիստ եմ: Ինչ վերաբերում է ֆորս-մաժորային իրավիճակներին, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ, իմ հորդորն է՝ շարունակ ինքնակրթվել, լավագույն համալսարանական հիվանդանոցների փորձը սերտել և ամեն մի դեպք քննարկման առարկա դարձնել մասնագիտական շրջանակում՝ հանուն սխալի շտկման, հետևանքների վերացման և մյուսներին ապահովագրելու:

Աղբյուրը՝ Արմենպրես

×
facebook sharing button facebook